Հունական «Արիանա» նավը՝ ուկրաինական անձնակազմով, որ առեւանգվել էր սոմալիական ծովահենների կողմից, այս տարվա մայիսին, Բրազիլիայից Մերձավոր Արեւելք ճանապարհին, ազատ է արձակվել խոշոր գումարի դիմաց:
Այն, որ ծովահեններն ազատ են արձակել նավը, նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ շնորհավորելով ուկրաինացի նավաստիներին:
Երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլայ Մալոմուժի խոսքով, «Արիանան» կարող է հասնել նավահանգիստ արդեն 5-7 օրից: Նավի տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել, ըստ «Ինտերֆաքսի», շարծիչի անսարքության հետեւանքով: Ներկայումս նավը գտնվում է ՆԱՏՕ-ի ուժերի հսկողության տակ, ջրի եւ վառելիքի պաշարները վերականգնված են:
Ուկրաինական կողմի անհանգստությունն է հարուցում նաեւ նավաստիների առողջությունը: Մալոմուժի խոսքով, նրանք բոլորն էլ հիվանդ են, սակայն իրավիճակը ծայրահեղ չէ:
ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վալերի Չալին ասել է, թե փրկագինը եղել է 2,8 միլիոն դոլար:




























