Հունիսի 26-ին իշխանությունները քննարկել են արտադրողների համար դիզելային վառելիքի արտահանման արգելքի հարցը, սակայն առայժմ որոշում չի ընդունվել, լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Իսկ հունիսի 29-ին նա կանցկացնի խորհրդակցություն վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ, որտեղ կբարձրացվի դիզելի արտահանման ամբողջական արգելքի հարցը, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք այս հարցը քննարկել էինք անցած ուրբաթ՝ շտաբի վերջին նիստում։ Առայժմ Էներգետիկայի նախարարության առաջարկությունն այն է, որ դիզելի արտահանումը չարգելվի։ Սա կքննարկենք մշտական ռեժիմով։ Կրկին կանդրադառնանք դրան երկուշաբթի», - ասել է նա։
Նովակը ավելի վաղ ТАСС-ին հայտնել էր, որ այժմ Ռուսաստանում վառելիքի նկատմամբ դիտվում է արհեստականորեն ուռճացված խուճապային պահանջարկ։ Ըստ նրա, «շուկայում վառելիքը բավարար է, ներկայումս ընթանում է համակարգի լոգիստիկ կապերի վերակառուցում՝ հաշվի առնելով պահանջները»։
Նա նշել է, որ խուճապային տրամադրությունները արհեստականորեն ավելացրել են պահանջարկը մոտ 20-30%-ով։ Փոխվարչապետը պարզաբանել է, որ մատակարարման համակարգը վերակարգավորվում է, և վառելիքի լոգիստիկան փոխվում է՝ կախված այս կամ այն տարածաշրջանի կարիքներից։
Ուրբաթ օրվա խորհրդակցության ժամանակ Նովակը հանձնարարել է ոլորտային գերատեսչություններին՝ տարածաշրջանային իշխանությունների և ընկերությունների հետ համատեղ մշակել հստակ ալգորիթմ՝ գյուղատնտեսական արտադրողներին վառելիքով օպերատիվ ապահովելու համար, ինչպես նաև մշակել շուկային աջակցելու լրացուցիչ միջոցներ՝ դրա կայունությունը պահպանելու նպատակով, հայտնել է ՌԴ կառավարությունը։





























