Նախագծի նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան արգելելն է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ կապված կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի հետ, ըստ որի նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։
Գալյանը նշեց, որ հիմա աշխատում են անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ. «Կարծում եմ՝ բոլոր մտահոգություններ պետք է, որ փարատվեն»,- ասաց նախարարը ի պատասխան հարցի՝ արդյո՞ք այս նախագիծը հեռախոսների ապօրինի ներմուծումը կանխելուց բացի փորձ չէ լրագրողներին, հասարակության մյուս անդամներին վերահսկողության տակ վերցնել, ինչի մասին բարձրաձայնում են նաև մասնագետները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMAI կոդը գրանցված չլինի։





























