Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրն ակտիվ աճ են գրանցել․ ներդրողները գնահատել են աշխարհաքաղաքական նորություններն ու կորպորատիվ հաշվետվությունները։
3M Co.-ի ակցիաները թռիչքաձև աճել են 7.3%-ով։ Տասնյակ հազարավոր ապրանքատեսակներ արտադրող ընկերությունը երկրորդ եռամսյակում ավելացրել է զուտ շահույթն ու հասույթը, ինչպես նաև բարելավել ընթացիկ տարվա ճշգրտված շահույթի կանխատեսումը։
Charles Schwab Corp.-ի ակցիաներն էժանացել են 2.5%-ով, թեև ֆինանսական ընկերությունն անցած եռամսյակում ավելացրել էր զուտ շահույթն ու հասույթը, ընդ որում՝ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել էին շուկայի սպասելիքները։
General Motors-ի շուկայական արժեքն ավելացել է 4.9%-ով։ Ամերիկյան ավտոարտադրողն ապրիլ-հունիս ամիսներին կրճատել է զուտ շահույթը 31.1%-ով՝ չնայած հասույթի 1.9% աճին։
Խաղալիքներ արտադրող ամերիկյան Hasbro Inc.-ը երկրորդ եռամսյակում հասույթն ավելացրել է 16%-ով և կրկին դուրս եկել զուտ շահույթի․ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։ Ընկերության շուկայական արժեքն աճել է 8.8%-ով։
Halliburton Co.-ի ակցիաներն էժանացել են 5.5%-ով, թեև նավթասպասարկման ամերիկյան ընկերությունն անցած եռամսյակում ավելացրել էր զուտ շահույթը 13.1%-ով, իսկ հասույթը՝ 3.7%-ով։
Northrop Grumman Corp.-ի արժեթղթերն ընկել են 2.2%-ով։ Ամերիկյան ռազմարդյունաբերական կորպորացիան 2026 թվականի երկրորդ եռամսյակում կրճատել է զուտ շահույթը 7%-ով՝ չնայած հասույթի 5% աճին։
Tesla-ի շուկայական արժեքն աճել է 2.5%-ով։ Ընկերությունը հայտարարել է Ֆլորիդա նահանգի Թամպա և Օրլանդո քաղաքներում ռոբոտաքսի ծառայության գործարկման մասին։
Dow Jones Industrial Average ինդեքսը երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով ավելացել է 0.74%-ով՝ կազմելով 52,224.64 կետ։
Standard & Poor's 500-ի արժեքն աճել է 0.89%-ով՝ հասնելով 7,509.2 կետի։
Nasdaq Composite-ն ավելացրել է 1.29% և աճուրդն ավարտել 25,837.13 կետի վրա։





























