ՀՀ կառավարությունը հրապարակել է 2026-2031 թթ. Ծրագիրը, որը քննարկվելու է օգոստոսի 20-ի կառավարության նիստում, այնուհետև ուղարկվելու է Ազգային ժողով։
«Սահմանների և միգրացիայի կառավարում» բաժնում, մասնավորապես, ասվում է.
«Սահմանների համալիր կառավարումը նպաստելու է ոչ միայն պետության անվտանգային միջավայրի երաշխիքների ապահովմանը, այլև ուղևորահոսքերի և արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, հետագծելիության ու հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը։ Հայաստանի Հանրապետության փոխակերպումը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության կենսական է դարձնում միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում՝ սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով:
Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան՝ սահմանների համալիր կառավարման համակարգ, այդ թվում՝ սահմանային կառավարման ժամանակակից համակարգի կենսաչափական տեխնոլոգիաների ու թվային լուծումների միջոցով:
Փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով:
Իրականացվելու է միգրացիայի ոլորտի կառավարման համապարփակ արդիականացում՝ վիզային քաղաքականության հստակեցմամբ, մուտքի և կացության կառուցակարգերի ամրապնդմամբ, անօրինական միգրացիայի կանխարգելման, կամավոր և հարկադիր վերադարձի ինստիտուտի ձևավորման և ապաստանի համակարգի շարունակական զարգացման տրամաբանությամբ:
Ներդրվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտին համապատասխան նոր կենսաչափական համակարգ, որը հագեցած է լինելու ապագային միտված լուծումներով և պարբերաբար թարմացվելու է ոլորտի նորարարություններով»,-ասված է ծրագրում։





























