Հարավային Յորքշիրի 33-ամյա բնակիչ Բրեդլի Թաունսենդը, ըստ ամենայնի, դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին քաղաքացին, որը զոհվել է ռուսական ուժերի կազմում Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտնում է The Guardian-ը։

Բարնսլիից ձկնորս Թաունսենդն ապրիլին հեռացել էր Մեծ Բրիտանիայից և միացել Դոնբասի արևելքում գտնվող ռուսամետ մարտական ստորաբաժանումներին։ Նա չուներ մարտական փորձ, ինչպես նաև նախկինում հաստատված կապեր Արևելյան Եվրոպայի հետ։ 49-ամյա Բեն Սթիմսոնի և 39-ամյա Էյդեն Մինիսի հետ միասին նա Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել ռուսական բանակին միանալուց հետո։

Պարբերականի տվյալներով՝ Թաունսենդը զոհվել է հունիսի 10-ին Դոնեցկի մարզի Լիմանի մոտակայքում՝ հեռակառավարվող անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նրա մահվանից հետո սոցիալական ցանցերի ռուսամետ էջերում լուրեր են տարածվել նրա զոհվելու մասին։ Էջերից մեկում բրիտանացուն անվանել էին «սրբազան պատերազմի մարտիկ», որը «կյանքը զոհաբերել է հանուն ընդհանուր գործի»։

Հայրենի Յորքշիրում Թաունսենդի մահվան լուրը միաժամանակ վիշտ և զայրույթ է առաջացրել։ Նրա նախկին ընկերներից մեկը նշել է, որ նա «սովորական տղա» էր, ում «գաղափարապես մշակել են» այն մարդիկ, որոնք օգտվել են նրա խոցելի վիճակից։ Մեկ այլ ծանոթ էլ ասել է, որ բրիտանացու «ուղեղը լվացել են» Մեծ Բրիտանիայից հեռացած մյուս դասալիքները։

Ռուսական ուժերին միանալուց հետո հրապարակված տեսանյութերում Թաունսենդն իրեն անվանում էր «Յորքշիրից սովորական բանվոր տղա»։ Նա նաև Դոնբաս մեկնելու իր որոշումը բացատրում էր նրանով, որ Դոնբասի հանքափորները, իբր, օգնել են բրիտանացի լեռնագործներին 1980-ականների գործադուլների ժամանակ։ «Ես ցանկանում եմ վերադարձնել այդ լավությունը», — գրել էր նա։

Թաունսենդի զոհվելուց հետո Միննիսն նրան անվանել է «մեր սիրելի մարտական ընկերը», ով «մտավ փոթորկի մեջ և ընկավ մարտի դաշտում»։ Իր հաղորդագրության մեջ Միննիսն ուկրաինացիներին համեմատել է նացիստների հետ։

Մեկնելուց առաջ Թաունսենդը ընտանիքին հայտնել էր, որ ուղևորվում է Ռումինիա։ Ավելի ուշ նա հրապարակայնորեն պաշտպանում էր ռուսական ուժերին միանալու իր որոշումը՝ ընդունելով, որ Մեծ Բրիտանիա վերադառնալու դեպքում կարող է հետապնդման ենթարկվել։

Բրիտանացի նախկին պատգամավոր-պահպանողական և անվտանգության հարցերով նախկին նախարար Թոմ Թուգենդհատը ցավակցություն է հայտնել Թաունսենդի ընտանիքին, սակայն նրա արարքն անվանել է «անհավանական հիմար» և «ծայրահեղ սխալ»։ Նրա խոսքով՝ «վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տեսած ամենաբարբարոսական ռազմական հանցագործությունները կատարող» բանակին միանալը հանցագործություն է։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերում զոհվածի ընտանիքին։