Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված «Վարդատոնի» շրջանակներում, մայիսի 20-ին, ժամը 11.30-ին, մի շարք դպրոցականներ, մտավորականներ քայլարշավով Չարենց-Սայաթ-Նովա փողոցի հատվածից կհասնեն մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը՝ հավելելով, որ արդեն ութ տարի է՝ Հայաստանում եւս նշում են այս տոնը:

Նրա փոխանցմամբ՝ հասնելով հուշարձանին՝ ամեն այցելու մեկական վարդ կդնի, այնուհետեւ կլինեն ելույթներ, համերգ, իսկ ամբողջ քայլերթի ընթացքում հնչելու է Սայաթ-Նովա:

Դրանից մեկ շաբաթ հետո մայիսի վերջին կիրակի օրը՝  նրանք կմենկեն Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսում կայանալիք միջոցառումներին: Այնտեղ եւս սպասվում են մեծ միջոցառումներ՝ քայլերթ, համերգներ եւ այլն:

Նշենք, որ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը հիմնադրեց Վարդատոնը՝ նշելու Սայաթ-Նովայի 200-ամյակը. «Հոբելյանը նշելը գիտական բանավեճ չէ եւ ամեն մարդ ունի ընտրության իրավունք, Սայաթ-Նովան մեր ժողովրդի այն մեծությունն է, որի յուրաքանչյուր տարին պետք է լինի տոն: Այս ավանդույթը որպես սրբություն, պահպանվում է ամբողջ տարի»,- նշեց Թովմաս Պողոսյանը:

Ի դեպ, Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ ստեղծված է կառավարական հանձնաժողով եւ միջոցաոռւմները շարունակվելու են մինչեւ տարեվերջ:

Անդրադառնալով Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կատարելուն՝ Թովմաս Պողոսյանը նշեց, որ դեմ չէ դրանք նորովի, ժամանակակից կատարելուն, եթե դրանք արվում են հայեցի, բարձր ճաշակով եւ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Թովմաս Պողոսյանը ասուլիսի ավարտին կատարեց նաեւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունենրից մեկը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի