Երեւանի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: «Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ  մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ եւ իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունեության համար՝ «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրենը նշել է, որ ԱՊՀ տարածքում իտալական ORIOLE, VOEM եւ հարավկորեական GYG վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ եւ տեղադրմամբ:

Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երեւանի քաղաքապետարանի հետ:

Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերն ու, ըստ այդմ, կնախապատրաստի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ` առավել առարկայական դարձնելով համագործակցության հնարավորությունը: