Ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե վերջապես ո՞վ կլինի նոր ձեւավորվող կառավարության ղեկավարը, եւ թե ու՞մ կգործուղի խորհրդարան ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Ըստ «ՉԻ» տեղեկությունների` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո ՀՀԿ-ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանին կրկին վերադարձնել ի շրջանս յուր: Եվ չնայած նրան, որ որոշ ՀՀԿ-ականների ամենեւին դուր չի եկել Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերահաստատվելու իրողությունը, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ հայտարարել են. «Դե էլի կասենք, որ Սարգսյանի նշանակումը պետության շահերից է բխում»:
Ավելացնենք նաեւ, որ, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի համար ահռելի լոբբիստական աշխատանք է իրականացրել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը: Ի դեպ` նա այն ֆիգուրներից է, որոնք իրենց ուզած կադրերին աննկատ տեղավորում են այնտեղ, որտեղ ցանկանում են ինքն ու իր կադրերը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:


























