ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասուլիսի գալիս ճանապարհին մտածել է, որ անպայման կհարցնեն, թե ինչու երեկ Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, ուստի ասուլիսում հայտարարեց, որ նա վատառողջ է, մի փոքր անկողնային եւ աշխատանքի դուրս կգա մի քանի օրից:

Լրագրողների հարցին, թե երկու ժամ շարունակ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ինչ են քննարկել, եթե, արդյունքում, ոչինչ չեն որոշել, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ նիստն այդքան չի տեւել: Նրա խոսքով, նիստից հետո ով առանձին հարցեր է ունենում, բոլորի դուրս գալուց հետո մոտենում է Սերժ Սարգսյանին եւ հարցնում: Գալուստ Սահակյանը նշեց, որ այս անգամ այդպիսի մի 5-6 հարց են ուղղել երկրի նախագահին, սակայն չասաց, թե ովքեր:

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ապագային, նա նշեց, որ իր անձնական կարծիքով Հովիկ Աբրահամյանը բարձր դերակատարում կունենա: «Ես ուզում եմ, որ ՀՀԿ-ի բարձր դերակատարում ունեցող անձինք շարունակեն բարձր դերակատարում ունենալ»,- ասաց Գալուստ Սահակյանը, հավելելով, որ իրեն տեսնում է Գալուստ Սահակյանի տեղում:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանին «Փարվանա» ռեստորան հրավիրելու փաստին, նշելով, որ Աստված է կանչում, որ ընդդիմությունն ընդունի Սամվել Ալեքսանյանի հրավերը եւ բոլորով միասին քեֆ անեն եւ ժողովուրդը հանգիստ ապրի: ՀՀԿ փոխնախագահի խոսքով, ինքը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ճաշատեսակներ է նախընտրում, քեֆերին պարում է, թե` ոչ ու ինչ կարժենա սեղանը: