Երգչուհի Նունե Եսայանն անդրադարձել է Թուրքիայում կայացած իր համերգին եւ, մասնավորապես, թուրքական «Հուրիեթ դեյլի նյուզին» տված իր հարցազրույցի շուրջ հնչած արձագանքներին եւ քննադատություններին:

Այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություներին, որոնք հիմնականում ծավալվել էին հարցազրույցում արած երկու արատհայտությունների շուրջ` «Սահմանները փակ են, բայց մեր սրտերը բաց են, արվեստը սահմաններ չի ճանաչում», ինչպես նաեւ նրա դրական արձագանքին` թուրք արտիստի հետ միասին երգելուն:

«Համերգից մեկ օր առաջ ես հանդիպել եմ թուրքական «Հուրիեթ դեյլի նյուզի» լրագրողի հետ, ով հայ աղջիկ է: Ինքը շատ մեղմ է գրել, ես ավելի կոշտ, կոպիտ եմ խոսել: Այո, ես համարում եմ, որ սահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են, արվեստը սահմաններ չի ճանաչում, այստեղ չկա թուրք եւ հայ բառերը: Սրտեր ասելով` նկատի ունեմ արվեստագետներին, այստեղ չի ասվում, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ, դա ասելու համար պետք է երկար մտածել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է թուրք արտիստի հետ համագործակցելուն, Նունե Եսայանը հաստատեց իր այն հայտարարությունը, որ «միմիայն մեր խաղաղ ապագայի երգը կերգեն միասին եւ դա կլինի ճշմարտության ապագայի երգ: Ես շատ լավ գիտեմ ինչ եմ խոսել եւ պատասխանատու եմ դրա համար»,- նշեց նա:

Երգչուհին դա գնահատեց չկայացած լրագրողի քայլ, ով ուզում է հայտնի դառնալ իր միջոցով: Սկզբից նա որոշել էր պատժել այդ լրագրողին, սակայն հետո խորհրդակցել է իր իրավաբանի հետ եւ որոշել, որ այս անգամ էլ կներեն:

«Վիրավորվում ես, երբ լավ բան ես անում, երբ գնում ես քո թշնամու երկիր, ու համարձակ ես գնում, գնում ես հային քո սիրտը բացելու: Պոլսահայերի վրդովմունքը շատ մեծ էր, տոնում էինք մեր հաղթանակը եւ երբ նրանք կարդացին, բավականին վրդովված են, որ իրենց թուրք են անվանել: Մենք գնում ենք մեր հայերի համար, ես գնացել եմ հայի համար եմ սիրտս բացել, երգել, կոչ արել»,- նշեց Նունե Եսայանը:

Երգչուհին վրդովվել էր լրատվամիջոցի այն արտահայտությունից, որ գրել էին թե «եթե 13 հազար դոլարով բացել է սիրտը, ապա ինչեր կանի 50 հազար դոլարով»:

«Ոչ մի լրագրող իրավունք չունի հարցնել, թե ինչքան գումար է աշխատում արտիստը: Եթե ուզում էր իմանար, թող ինձնից հարցներ»,- ասաց նա` նշելով, որ այդ գումարը կապ չունի իրականության հետ:

Նունե Եսայանը վերջում ընթերցեց հայ գրող Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից մեկը եւ ասաց, որ ինքը մաքուր է իր խղճի առաջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի