Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) իր այսօրվա` մայիսի 18-ի նիստում որոշել է կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը:
Վարույթ հարուցելու համար հիմք էր համարվել այն, որ ՀՌԱՀ-ի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ ոչ հավասարաչափ էին լուսաբանել ընտրություններին մասնակցող ուժերին:
ՀՌԱՀ նախագահը նշել է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը մեկ կուսակցությանը տրամադրել է 1273 րոպե եթերաժամանակ, այնինչ մյուս քաղաքական ուժերից ամենից շատ լուսաբանվող ուժին հատկացվել է ընդամենը 232 րոպե եթերաժամանակ:
Այդուհանդերձ, ՀՌԱՀ-ը որոշել է վարույթ չհարուցել այս հեռուստաընկերությունների դեմ: Նշվել է այն փաստը, որ օրեր առաջ «Կենտրոնն» արդեն ՀՌԱՀ-ի կողմից տուգանվել է 1 մլն դրամի չափով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին, ՀՌԱՀ-ը որոշել էր վարչական պատասխանատվության ենթարկել «Կենտրոն» հեռուստաընկերությանը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Ըստ այդմ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվել է 1 մլն դրամի չափով: Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանում` այն ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ, տուգանելու պատճառը նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելն է: Խոսքն այն մասին է, որ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, «Կենտրոն» հեռուստաալիքի «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ, ժամը 16:50-17:00-ի սահմաններում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ որեւէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:
«Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲԸ ներկայացուցիչը` իրավաբան Արա Սաղումյանն առարկել էր, որ հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի խոսքը:
Ամալյանն էլ ընդգծել է, որ նույնիսկ ուղիղ եթերի դեպքում բանախոսներին պետք է տեղյակ պահեին, որ չի կարելի քարոզչական բնույթի տեղեկատվություն տարածել: Նրա խոսքով, այն, որ այդ պահին էկրանին երեւացել է «ուղիղ եթեր» արտահայտությունը, կարող է ընդամենը մեղմացուցիչ հանգամանք լինել:


























