Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Բուկավու քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 երեխա։ Հրդեհը խուճապ ու հրմշտոց է առաջացրել․ աշակերտները փորձել են դուրս գալ շենքից դռների և պատուհանների միջոցով, իսկ ոմանք ցատկել են վերին հարկերից, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով տեղացի բնակիչներին և բուժաշխատողներին։

Հրդեհը սկսվել է հինգշաբթի առավոտյան Բագիրա թաղամասի Ujamaa դպրոցում, երբ երեխաները դասերի էին։ «Դասի կեսին հանկարծ լսեցի, թե ինչպես աշակերտները սկսեցին ճչալ։ Ոմանք ցատկում էին վերին հարկերից, մյուսները դուրս էին վազում դռներով»,- Ֆրանսպրես գործակալությանը պատմել է ուսուցիչ Սայմոն Կասամիրան, որը տեղի ունեցածից հետո հայտնվել է կլինիկայում։

Տեղական ղեկավար Պատրիս Բուդուգեի պատմելով՝ հրդեհի սկսվելուց հետո ուժեղ հրմշտոց է առաջացել։ Երեխաներն ընկնում էին և տրորում միմյանց, իսկ ոմանք փորձում էին շենքից դուրս գալ վտանգավոր եղանակներով։ Շատերը կորցրել են գիտակցությունը։

Հարևան կլինիկայի բուժաշխատող Քրիստոֆ Զիգաշանեն հայտնել է, որ այնտեղ են տեղափոխել մոտ 50 աշակերտի և մի քանի ուսուցչի՝ շնչահեղձության հետևանքով ծանր վիճակում։ Նրա պամելով՝ 10 երեխա արդեն մահացած էին, իսկ չորսը մահացել են դեպքի վայրում։ Նրա տվյալներով՝ բոլոր զոհվածները 10 տարեկանից փոքր էին։ Եվս 27 մարդ, նրանց թվում՝ երկու ուսուցիչ, ծանր վիճակում տեղափոխվել են Բուկավուի այլ հիվանդանոցներ։

Կեսօրին հրդեհի վայրից դեռևս ծխի խիտ քուլաներ էին բարձրանում։ Կրակը ոչնչացրել է բլրի լանջին խիտ կառուցապատված շրջանի զգալի մասը։ Հրդեհից հետո բնակիչները մոխրացած տների և ծռմռված մետաղական թիթեղների միջև փլատակներ էին մաքրում։

Բուկավուն, Հարավային Կիվու նահանգի վարչական կենտրոնը, 2025 թվականի փետրվարից գտնվում է Ռուանդայի աջակցությունը վայելող M23 խմբավորման վերահսկողության տակ։ Քաղաքը գտնվում է Կիվու լճի ափին և հայտնի է լանջերին գտնվող խիտ կառուցապատված փայտե տներով, ինչի պատճառով այստեղ հրդեհները պարբերաբար են տեղի ունենում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Բուկավուում հրդեհի հետևանքով զոհվել էր 14 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ էին։ Մասնագետները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքներում հաճախակի հրդեհները կապում են հրդեհաշիջման սարքավորումների պակասի, խիտ կառուցապատման և էլեկտրացանցին ապօրինի միացումների հետ։ Անցյալ շաբաթ երկրի մայրաքաղաք Կինշասայում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հրդեհը 12 մարդու կյանք էր խլել։