ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական հրթիռային հարվածները չեն վնասել Հորդանանի բազայի ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։ NewsNation հեռուստաալիքին տված բացառիկ հեռախոսազրույցում նա կտրականապես հերքել է Իրանի վերջին հարձակման ընթացքում տեխնիկայի վնասման մասին հաղորդումները։

Լրագրող Ռոբերտ Շերմանը Թրամփին հարցրել է հարվածից հետո տարածված այն հաղորդումների մասին, ըստ որոնց՝ իրանական հրթիռները վնասել են ամերիկյան ռազմական ինքնաթիռները։ «Ոչ»,- պատասխանել է նախագահը։ Հստակեցնող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ այդ հաղորդումներում ճշմարտություն չկա, Թրամփը հայտարարել է. «Ոչ մի։ Ոչ վնասներ, ոչինչ»։

Ավելի վաղ Իրանը 20 բալիստիկ հրթիռ էր արձակել Հորդանանում ամերիկյան ռազմական բազայի ուղղությամբ։ Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ խոցել են 18 հրթիռ, իսկ ամերիկացի պաշտոնյաները հայտնել էին, որ ԱՄՆ-ի ամբողջ անձնակազմն անվտանգ է։

Միևնույն ժամանակ հարձակումից հետո հաղորդումներ էին հայտնվել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում մի քանի ամերիկյան ինքնաթիռների վնասման մասին։ Թրամփը դրանք հերքել է՝ չհստակեցնելով, թե հատկապես որ հրապարակումներին էր արձագանքում։

Նախագահը նաև խոսել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետների մասին։ Հարցին, թե որքան երկար Թեհրանը կկարողանա դիմանալ ուժեղացող տնտեսական ճնշմանը, Թրամփը պատասխանել է, որ չգիտի՝ արդյոք Իրանը կկարողանա շարունակել դիմակայությունը։

«Չգիտեմ՝ նրանք կկարողանա՞ն դիմանալ։ Բայց ամեն ինչ կկարգավորվի ընտրություններից հետո։ Կամ, հնարավոր է, ավելի շուտ։ Բայց ընտրություններից անմիջապես հետո ամեն ինչ կավարտվի», — ասել է Թրամփը։

Նախօրեին նախագահը հայտարարել էր, որ սպասում է պատերազմի ավարտին ԱՄՆ-ում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ Իրանը փորձում է ազդել քվեարկության արդյունքների վրա, և նրա հնարավորությունները՝ դիմակայելու ամերիկյան տնտեսական ճնշմանը, գնալով նվազում են։