Նորմանդիայում TER տարածաշրջանային գնացքի ռելսերից դուրս գալու գործով քննությունը որպես հիմնական վարկած դիտարկում է դիտավորյալ միջամտությունը։ Միջադեպի հետևանքով տուժել է 44 մարդ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով քննության ընթացքին ծանոթ իր աղբյուրներին։
Քննությունն այս վարկածի վրա կենտրոնացնող պատճառներից մեկը ռելսուղիների միջև հայտնաբերված ռելսի հատվածն է։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ օտար մարմինը չէր կարող գտնվել երկաթգծի այդ հատվածում։ Այժմ քննիչները պետք է պարզեն՝ արդյոք գնացքը բախվել է դրան և արդյոք հենց այդ հատվածն է դարձել վթարի պատճառը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, տեղական ժամանակով մոտ 23:30-ին (19:30 UTC), Ծովափնյա Սեն դեպարտամենտի Կլեոն համայնքի շրջանում՝ Տուրվիլի և Էլբյոֆ-Սենտ-Օբենի միջև ընկած հատվածում։ Ռուանից Կան ընթացող գնացքում 186 ուղևոր է եղել։
Պատահարի հետևանքով տուժել է 44 մարդ։ 18-ամյա մի ուղևորուհու «ծայրահանդաստիճան ծանր» վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Ռուանի համալսարանական հիվանդանոց։ Եվս 43 ուղևոր ստացել է «միջին ծանրության» վնասվածքներ, հայտնել է Ռուանի դատախազ Սեբաստիեն Գալուան։
Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են շուրջ 130 հրշեջ-փրկարար, բժշկական 5 բրիգադ և արտակարգ ծառայությունների 80 մեքենա։
Գնացքավարի՝ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման ստուգման թեստերի արդյունքները բացասական են եղել, հայտնել է դատախազը։
Դատախազությունը հայտարարել է, որ «լիակատար աջակցություն կցուցաբերի քննությանն ու կգործի թափանցիկ ձևով», ինչպես նաև զորակցություն է հայտնել տուժած ուղևորներին, նրանց հարազատներին և փրկարարական գործողությանը մասնակցած աշխատակիցներին։




























