ՀԱԿ-ի մաս կազմող  «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել  Հատուկ քննչական ծառայություն` բողոքելով այն փաստից, որ ԿԸՀ-ն իրեն չի տրամադրում 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների իր մանդատը:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Անտեսելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով սահմանված դրույթները եւ խախտելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված մեկշաբաթյա ժամկետի պահանջը, ԿԸՀ-ն, առայժմ, ինձ չի տրամադրում Երեւանի Ավագանու անդամի մանդատս:

Հիշեցնում եմ, որ դեռեւս 11.05.12թ.-ին, ԿԸՀ-ն այդ մասին, անգամ, ստացել է համապատասխան դիմումս, սակայն, խախտելով նաեւ ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածով սահմանված դրույթները որեւէ ձեւով չի արձագանքել:

Սույն հաղորդագրությունը, որպես հաղորդում, ներկայացնում եմ Հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաեւ, ուղարկում եմ Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրես:

 ՀԱԿ նախընտրական դաշինքի Երեւանի Ավագանու անդամի թեկնածուների միասնական ընտրական ցուցակի անդամ Ռ. Թորոսյան»:

Հիշեցնենք, որ 2009-ին ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններում ստացել էր 13 մանդատ, սակայն հրաժարվել էր դրանք վերցնել: