Եվրոպական մամուլը շարունակում է արձագանքել է Ադրբեջանում տիրող խոշտանգումներին եւ մասնավորապես այդ համատեքստում «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հարցի շուրջ եվրոպական մի շարք երկրների (ինչպիսիք են Իռլանդիան, Ֆրանսիան կամ Նիդերլանդները) երկմտությանը:
Այսպես. «Der Spiegel Online»-ը գրել է Ալիեւի կլանի հարստության հետաքննությամբ զբաղվող լրագրող Խադիջահ Իսմայիլովայի վերապրածի մասին. առօրյա սպառնալիքներ, ինտիմ հարաբերությունների ձայնագրություններ, խոշտանգումներ: Սակայն այդ ամենը չի խանգարել լրագրողի վճռականությանը, ով վերջերս բացահայտել է Ալիեւի ընտանիքի դրամական շահերը «Եվրատեսիլը» հյուրընկալելու նպատակով կառուցվող «Crystal Hall» համերգասրահի կառուցման մեջ:
Իսմայիլովային պատահածը եզակի դեպք չէ: «Die Zeit»-ն արձագանքել է բազում ընտանիքների անշարժ գույքի բռնագրավման չարաշահումներին եւ համասեռների նկատմամբ կիրառվող ճնշումներին, իսկ «The Independent»-ը մայիսի 10-ի իր համարում անդրադարձել է նախագահին քննադատած երաժիշտների խոշտանգումներին:
Բաքվի ռեժիմը մի հրաշալի քավության նոխազ ունի՝ հասարակության ուշադրությունը բնակչության ազատությունների ոտնահարումից եւ Ալիեւի ընտանիքի հարստացումից շեղելու համար՝ հայերը: 1994թ-ից ի վեր՝ գաղութացված Լեռնային Ղարաբաղը կորցնելուց հետո, երկրում իսկական հակահայկական հիստերիա է տիրում: Բոլոր նրանք, ովքեր անկախ հետաքննություն են տանում հակամարտության շուրջ, մեծ խնդիրներ են ունենում: Լրագրող Էյնուլա Ֆաթուլայեւը բանտարկվեց 2007-ից 2011 թթ. իր այն բացահայտման համար, ըստ որի պատերազմական տարիներին իրականացված Խոջալուի կոտորածները ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիեւի կլանի ձեռքի գործն էր՝ նախագահ Մութալիբովին տապալելու համար: Անակնկալ չէ, որ իշխանությունները Ֆաթուլայեւին մեղադրեցին «հայ գաղտնի գործակալ» լինելու մեջ՝ հայկական կողմին վերագրելով Խոջալուի դեպքերի պատասխանատվությունը: Միջազգային հասարակության աջակցությամբ Ֆաթուլայեւն ազատ արձակվեց 2011թ. մայիսի 29-ին, որից հետո այս տարվա մայիսի 4-ին ստացավ մամուլի ազատության համաշխարհային մրցանակը: Ազատ արձակումից ի վեր լրագրողը վերսկսել է Խոջալուի դեպքերի հարցում Ալիեւի ռեժիմի մասնակցության հետաքննությունը:
Մի քանի շաբաթ առաջ բոլոր հայերը հայտարարվեցին «Ադրբեջանի թշնամիներ» երկրի ղեկավարի կողմից: Այսպես, փետրվարի 22-ին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Մեր հիմնական թշնամիները աշխարհի բոլոր հայերն են եւ նրանց հսկողության տակ գտնվող կեղծավոր եւ կաշառակեր քաղաքական գործիչները: Գործիչներ, ովքեր չեն ցանկանում տեսնել իրականությունը եւ երկրագնդի տարբեր ծայրերում զրպարտում են Ադրբեջանը: Խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, որ շահեր ունեն հայկական լոբբիից»:
Ռասիստական այդ տեսակետը, որը խտրականություն է դնում հասարակության մի խմբի հանդեպ՝ նրան դարձնելով անհավատալի միջազգային դավադրության մասնակից, հիշեցնում է մեր պատմության մութ էջերը:
Իհարկե, փետրվարի 22-ի հայտարարությունը եզակի չէ: Նախագահ Ալիեւն այս տարվա ապրիլի 16-ին կրկին նման հայտարարությամբ հանդես եկավ՝ հաստատելով, որ «հայկական լոբբիի կետոտ զբաղմունքը Ադրբեջանը վարկաբեկելու, իրականությունը ժխտելու, ամբողջ աշխարհով մեկ իր երկիրը հետամնաց եւ ոչ ժողավրդավար ներկայացնելու փորձերն են: Նրանց ազդեցության գոտին շատ լայն է: Նրանք ներկայացված են տարբեր երկրների տպագիր մամուլում: Երբեմն գործում են տարբեր անունների ներքո՝ թաքցնելով իրենց արմատները: Կրկնում եմ. հայկական լոբբին մեր թիվ մեկ թշնամին է: Տասնյակ տարիներ, միգուցե դարեր ի վեր հայկական լոբբին գործում է Եվրոպայում եւ աշխարհի խոշոր երկրներում»:
Եվրախորհրդի անդամ երկրի կողմից ռասայական նման քարոզչությունը երկրի ամենաբարձրադիր մարմնի մակարդակով խիստ մտահոգիչ է եւ միայն Հայաստանին չի վերաբերում: Ի՞նչ կարող է պատահել, եթե հայկական ծագմամբ որեւէ ֆրանսիացի, չեխ կամ լեհ ցանկանա այցելել Ադրբեջան: Եթե վերցնենք Ֆրանսիայի օրինակը, արդյոք Շառլ Ազնավուրի, Անդրե Մանուկյանի կամ Էլեն Սեգարայի անվտանգությունը ապահովված կլինե՞ր, եթե նրանք մասնակցեին «Եվրատեսիլին» Բաքվում: Մի կողմ թողնենք այս անձանց. միջազգային հանրության նման ներողամտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ոտնահարման նկատմամբ ուղղակի ապշեցուցիչ է:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է մայիսի 22-26-օն` Բաքվում, սակայն մրցույթի վայրի ընտրությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տալիս: Ադրբեջանում իշխում է բռնապետական վարչակազմ, որին հաճախ են քննադատում մարդու իրավունքների խախտման համար: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վերջինիս դասել է 162-րդ տեղում 179 երկրների շարքում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը դասված է մամուլի ազատության գիշատիչ անձանց ցանկում:


























