Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 40 հազար աշակերտներ մարտի 1 ից մայիսի 20-ը մասնակցել են «Մշակութային գարուն» խորագիրը կրող անվճար աբոնեմենտային ծրագրին, որի շրջանակներում այցելել են թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ եւ այլ մշակութային օջախներ:
Ծրագրի այս տարվա վերջին միջոցառումը տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, որտեղ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների աշակերտները դիտել են Է. Դե Ֆիլիպպոյի «Կատակերգության արվեստը» ներկայացումը:
Անվճար աբոնեմենտային ծրագրի հիմքում դպրոցահասակ երեխաների գեղագիտական դաստիարակությանը նպաստելն ու մշակութային արժեքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ձեւավորելն է, հատկապես, որ մշակութային հանդիսավայրեր այցելության անվճար աբոնեմենտային ծրագրին մասնակից են դարձել նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի աշնանը`այս անգամ կրելով «Մշակութային աշուն» խորագիրը:



























