Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում լայն թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Արդեն ասֆալտապատվել է շուրջ 700 հազար քմ տարածք:
Այս եւ համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Երեւանի քաղաքապետի հանձնարարարությամբ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2011թ-ին անորակ եւ թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը եւ վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումը:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցիի փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Արդեն շահագործման է հանձնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Ավան վարչական շրջանին կապող Ծարավ Աղբյուր փողոցը:
Երեւանի մանկապարտեզներում մեկնարկել են հիմնանորոգման` մասնավորապես տանիքների եւ սանհանգույցների վերանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաեւ գրադարանների եւ առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագրերը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման մասով զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ եռապատկվել է վարչական շրջաններին, հանրակրթական դպրոցներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրամադրվող ծաղիկների քանակը:
Ծրագրի համաձայն ծաղկապատվում եւ կանաչապատվում են նաեւ Երեւանի մուտքերին հարող տարածքները:
Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի չգործող շատրվանները եւ ներկայացնել դրանց վերականգնման ֆինանսական գնահատականն ու ներդրումային առաջարկ` վերագործարկման նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման, խնամքի ավելացման եւ բարեկարգման հետեւողական պահանջ է դրել, ընդգծելով հատկապես տնտեսվարողների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:
Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող տնտեսվարողների հետ խզել վարձակալական պայմանագրերը:
Մշակույթի եւ տուրիզմի վարչությանը հանձնարարվել է մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում հանգստայն օրերին մշակութային եւ սպորտային միջոցառումների կազմակերպման մասով ներկայացնել առաջարկություններ:
Պատասխանատու բոլոր կառույցներին մեկ անգամ եւս հանձնարարվել է մայիսի 25-ին կազմակերպվող վերջին զանգի միջոցառումների հետ կապված սահմանված կարգով ապահովել շրջանավարտների անվտանգությունը:
Մայրաքաղաքում դյուրավառ եւ պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել եւ մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ եւ պայթուցիկ նյութերի վաճառքը: Խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենդանաբանական այգում եւ Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Միջոցառումներ կլինեն նաեւ բոլոր վարչական շրջաններում:




























