Թերթը գրում է, որ վանաձորցի իրավապաշտպան, անկուսակցական Էդմոն Մարուքյանի անակնկալ մուտքը խորհրդարան շարունակում է լուրերի եւ խոսակցությունների տեղիք տալ:

«Օրերս լուրեր տարածվեցին, թե երիտասարդ անկուսակցականը եղել է նախագահականում, Սերժ Սարգսյանի մոտ եւ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն է հայտնել նրան, վստահեցրել է, որ ՀՀԿ-ի դեմ չի աշխատելու, եւ խոստացել է, որ ինքը կլինի պատգամավոր, թե Վիկտոր Դալլաքյանը՝ ՀՀԿ-ն տարբերություն չի զգա: Համապատասխանո՞ւմ է այս լուրն իրականությանը, թե՞ բամբասանք է, որը տարածվում է անկախ պատգամավորին վարկաբեկելու համար, փորձեցինք պարզել հենց իրենից:

«Դա սուտ է, չի եղել նման հանդիպում: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ նախագահին առաջին անգամ տեսնելու եմ խորհրդարանում, ԱԺ առաջին նիստի օրը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նաեւ հայտնեց, որ հոգնել է ինտրիգներից, որոնք այս օրերին հյուսվում են իր շուրջ, եւ չի պատրաստվում հերքել ամեն մի անհեթեթություն, քանի որ կնմանվի մի մարդու, ում  «ասում են` դու ուղտ ես, նա էլ սկսում է անընդհատ հակառակն ապացուցել, որ ինքը ուղտ չի: Նման լուրերը մոտավորապես այդ սերիայից են»:

Մարուքյանը վստահ է, որ դրանք տարածվում են շատ որոշակի աղբյուրներից՝ իրեն նպատակադրված վարկաբեկելու համար: «Այնուամենայնիվ, Դուք համագործակցելո՞ւ եք ինչ-որ քաղաքական ուժի հետ» հարցին նորընտիր պատգամավորը պատասխանեց, որ հետընտրական շրջանում հասցրել է համագործակցության առաջարկներ ստանալ տարբեր ուժերից, սակայն չմասնավորեց, թե հատկապես որ կուսակցություններն են առաջարկել իրեն միասին աշխատել խորհրդարանում: «Համարյա բոլոր: Բայց դա իրենց մտքերն են, ես շարունակում եմ մնալ անկուսակցական եւ անկախ»,-ասաց Էդմոն Մարուքյանը»,- գրում է «Հրապարակը»: