Եթե ուզում եք հասկանալ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ստեղծված իրավիճակը, նայեք «Մաուգլի» մուլտֆիլմը, քանի որ նույն նախադեպն է: Այս մասին, այսօր` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց ԵՊՀԼ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն` արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ չի ազատել ռեկտորի աշխատասենյակը:
Նրա խոսքով, օրենքով կա կետ, որ ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտավոր է չկատարել վերադասի անօրինական հրամանները եւ ինքը գտել է, որ դա այդ դեպքն է: «Քանի որ ես չեմ ենթարկվում այդ անօրինական հրամանին, չէի ազատում կաբինետը, բայց միաժամանակ դիմադրություն ցույց չէի տալիս, թող մտնեին հանեին: Համալսարանում ոստիկանական եւ զորանոցային ռեժիմ են սահմանել եւ այնտեղ ես մտնելու կարիք չունեմ: Այսօր-վաղը երեւի այնտեղ կմտնի ժամանակավոր պաշտոնակատրը»,-ասաց Զոլյանն ու շարունակեց. «Եթե դիտել եք «Մաուգլի» ֆիլմը` տեսել եք էն շակալներին: Այդ շակալները ավելի բարձր են: Օրինակ, ես կհասկանայի, եթե գային ինձ ասեին սխալ ես արել, ես գուցե կմտածեի: Էտ շակալները դիմացինի երեսին էին ասում, իսկ այս մարդիկ անգամ թաքցնում են իրենց ստորագրությունը»:
Հարցին, թե ինչո՞ւ ծավալվեց Աշոտյան-Զոլյան այս պատմությունը, նախկին ռեկտորը խորհուրդ տվեց այդտեղ անձնական խնդիրների չփնտրել: Նրա խոսքով, ինքը եւ Աշոտյանը ունեն տարբեր պատկերացումներ կրթության զարգացման վերաբերյալ: Ինքը բուհում ազատության կողմնակից է, իսկ Աշոտյանը հաշվում է, թե ռեկտորը քանի օր է բացակայել, ուրեմն նա ռեկտորին պատկերացնում է որպես պահակ, ինչը սերժանտի մտածելակերպ է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կրկնակի կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից, ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները: Ավելի ուշ նախարարի հրամանով Զոլյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից, սակայն վերջինս դիմել է դատարան:




























