Լավ կլիներ, որ Հայաստանի նախագահը լիներ Չիկագոյում եւ մասնակցեր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այդ մասին գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում:

«Հետեւում եմ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շուրջ իրադարձություններին: Մեծ հաշվով՝ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահն այնտեղ լիներ: Բազմակողմ նման հնարավորություններ շատ չեն լինում, եւ դա փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, իհարկե, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ»,- նշել է Օսկանյանը եւ հավելել. «Ես խնդիր չէի տեսնի, եթե նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, ինչ է՝ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Նախ, այս մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտ այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար: Երկրորդ, սա ինքնմեկուսացման ամենակարճ ճանապարհն է»:

Ըստ Օսկանյանի, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չէ վերապահված, ուստի նրա կողմից ձեւակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել: «Եթե նման ձեւակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ:

Չորրորդ, համենայն դեպս, ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը:

Հինգերորդ, եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան եւ շատ այլ երկրներ:

Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»: