«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբը հաղորդագրություն են տարածել, որտեղ անդրադառնում են հատուկ պահպանվող տարածքում շինարարություն իրականացնելու փաստին:

Բնապահպանության նախարարին ու գյուղատնտեսության նախարարին ուղղված նամակում, նրանք նշում են.

«Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են Dalarik river, Armenia եւ որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ /լուսանկարները ներկայացված են հետեւյալ հասցեներով.

https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1

https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի մասին, այսինքն չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում: 

Լուսանկարներից պարզ երեւում է որ.

Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց եւ գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,

Վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,

Վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:

 Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի եւ ափերի ավիրում, հետեւաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:

Հետեւաբար, ելնելով վերոշարադրյալից եւ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ եւ մանրամասն տեղեկատվություն հետեւյալ հարցերի վերաբերյալ.

Արդյոք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքո՞ւմ,

Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,

Արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու եւ տարածքը ցանկապատելու համար:

Միեւնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ»: