Դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում` ապրիլի 25-ին, ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ մի քանի օրից կվերադառնա եւ կմասնակցի քարոզարշավին, բայց, ինչպես պարզեցինք, նա Հայաստան է վերադարձել նախօրեին երեկոյան: 

«Մեր թղթակցի հետ զրույցում Հայրապետյանն իր` Հայաստան ուշ վերադառնալը պայմանավորեց գործերով, որոնք հետաձգել չէր կարող:

Մեր հարցին, թե, ի վերջո, ՕԵԿ-ը քանի՞ անդամ ունի, Հայրապետյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նման տվյալների չեմ տիրապետում, որովհետեւ դա իմ իրավասության մեջ չէ: Ճիշտն ասած, տենց տվյալներ մենք օֆիցիալ ոչ մի անգամ չենք ստացել: Կուսակցության նախագահը որ նման թիվ ասել է, ուրեմն մի բան գիտի»:

Երբ Հայրապետյանին հիշեցրինք, որ ՕԵԿ նախագահը հայտարարում է, թե կուսակցության անդամները 170 հազարն են, մինչդեռ ՕԵԿ-ն ընտրություններում հավաքեց 84 հազար ձայն, ՕԵԿ-ականը շտապեց նշել, որ հարցին միայն վաղը կարող է պատասխանել:

«Ես տեղյակ չեմ, թե ոնց է նման բան ստացվել, վաղը կպատասխանեմ»,- ասաց նա` նշելով, որ առաջիկա օրերին պետք է հանդիպի Արթուր Բաղդասարյանի հետ: Ի դեպ, Արայիկ Հայրապետյանն անկեղծորեն խոստովանեց, որ «ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու հիմք չունի»,- գրում է թերթը: