Իշխանությունների հետ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական համագործակցության պայմանները եւ մեխանիզմներն այս պահին քննարկվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը` հավելելով, որ կոնկրետ բան այս պահին չի կարող ասել:
Նրա փոխանցմամբ` ՕԵԿ խմբակցության հրապարակված կազմը վերջնական է: ԱԺ-ում ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, քարտուղարը կլինի Խաչիկ Հարությունյանը, իսկ պատգամավորներ` Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադեւոսյանը եւ Կարեն Բոթոյանը;
Իսկ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս չկազմի, իրենց կտան մեկական նախարարի եւ մարզպետի պորտֆել ավելի: Առայժմ նրանք ունեն երկու նախարարի պորտֆել. գյուղատնտեսության նախարարի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Սերգո Կարապետյանը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում` Արմեն Երիցյանը:
Ի դեպ, կոալիցիա կազմելու մասին հայտարարություն կարվի մայիսի 24-25-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով նշում է, որ շարունակելու է քաղաքական համագործակցությունը իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 5,51 տոկոս ձայն, ինչը հավասար է 5 մանդատի: Եվս մեկ ՕԵԿ-ական` Կարեն Բոթոյանը, ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:




























