Խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ դասական եղանակով իշխանափոխությունն անհնար է, քանի որ կեղծման միջոցները գնալով ավելի են կատարելագործվում: Այս մասին, այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, խոսելով այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության եւ նոր Հանրապետության հիմնադրման Ճանապարհային քարտեզի մասին:
Նրա խոսքով, «Սարդարապատը» որպես այլընտրանք առաջարկում է անցնցում, լեգիտիմ իշխանափոխություն, որի առանցքը հասարակական պայմանագրերի կնքումն է: «Կլինի բաց պայմանագիր որտեղ մարդիկ կնշեն իրենց անունը քվեարկության ընթացքում: Երբ ձեռք բերվի պաշտոնական ցուցակներում քվեարկած քաղաքացիների մեծամասնության ստորագրությունը, ամբողջական լեգիտիմության միջոցով տեղի կունենա անցնցում իշխանափոխություն»,- մանրամասնեց Գարեգին Չուգասզյանը եւ իրենց առաջարկած տարբերակը նմանեցրեց բրիտանական ստվերային իշխանությանը:
Նրա փոխանցմամբ, գործընթացը տեղի է ունելու երեք փուլով` առաջին փուլում ձեւավորվում է նախախորհրդարանական լիազորություններ ունեցող մարմին` ոչ լեգիտիմ, երկրորդն արդեն հիմնադիր խորհրդարանի փուլն է, որը պետք է ստեղծի նոր Հայաստանի Սահմանադրությունը, իիսկ պայմանագրային բաց քվեարկությունից հետո, երբ ստանան մեծամասնություն, նոր կձեւավորվի նոր խորհրդարանը եւ տեղի կունենա անցնցում իշխանափոխություն:


























