Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երեւանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը,  անվանի ճարտարապետներ եւ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս  հանրության հետ քննարկել ենք Երեւանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ հարցեր եւ եկել հետեւյալ եզրահանգման. Կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երեւանը եւ մանավանդ քաղաքի կենտրոնը: Որպեսզի այս հարցը կարողանանք վերջնականապես լուծել, պայմանավորվել ենք մշակել  օրենքի նախագիծ եւ դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Այդ պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երեւանի եւ, մասնավորապես, «Փոքր կենտրոնի» ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, որոշումները կլինեն թափանցիկ եւ բոլորը կհասկանան, որ այդ ընթացակարգերով ընդունված որոշումներն ընդունելի եւ ընկալելի են, թեեւ, իհարկե, շատ հաճախ ճարտարապետները միեւնույն խնդրի շուրջ ունենում են տարբեր մոտեցումներ եւ դա միայն Երեւանին բնորոշ չէ»:

Կառավարության ղեկավարն ասել է, որ Երեւանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ եւ չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի:  Վարչապետը կարեւորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ եւ հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը:

«Այդպիսի ընթացակարգերը, ինչպես այսօր թելադրում է միջազգային լավագույն փորձը, մենք ցանկանում ենք նաեւ ներդնել Հայաստանում՝ օրենքի տեսքով: Դրա համար որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը եւ կզբաղվի այս օրենքի մշակմամբ: Հասարակությունն սպասում է այս օրենքի նախագծին եւ մենք էլ պարտավոր ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որպեսզի արդարացնենք քաղաքացիների սպասելիքները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն եւ առաջարկել է այդ աշխատանքներին եւս ներգրավվել աշխատանքային խմբի մասնակիցներին:

Այնուհետեւ, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները եւ ողջունել օրինագծի վերաբերյալ  նախաձեռնությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը: