ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանում  խորհրդարանական ընտրություները ավելի բարձր գնահատականի են արժանացել, քան` նախագահականը: Սովորաբար խորհրդարանականի ժամանակ դիտարկվում է բարելավում, իսկ նախագահականի ժամանակ՝ վատթարացում: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն` ուսումնասիրելով 1996թ սկսած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցները, որոնք հրապարակվում են ընտրությունների ավարտից երկու ամիս անց: «Որեւէ ընտրություն այդ ժամանակվանից սկսած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի դիտարկել ազատ, արդար, ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ»,-նշեց նա:

Իսկ թե ինչու է Էդգար Վարդանյանը ընտրել հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, նրա խոսքով, այն ընտրություններ դիտարկող ամենահայտնի կազմակերպությունն է, ով կատարում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ մոնիթորինգ: Դրանից բացի՝ այդ զեկույցներին են հղում կատարում Եվրոպական տարբեր կառույցներ, տարբեր քաղաքական ուժեր: Նա մասնավորապես ուշադրություն է դարձրել ընդհանուր գնահատակներին, լրատվամիջւոցներով լուսաբանմանը, ընտրական գործընթացներին եւ արդյունքների ամփոփմանը: Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համեմատական մոտեցում է ցուցաբերում եւ ոչ մի բառ ավելորդ չի նշում իր զեկույցներում,  լղոզված գնահատականներ էլ չի տալիս:

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկման՝ Հայաստանում լավագույնը 2007թ եւ 1999թ խորհրդարանական ընտրությունները էին, իսկ վատագույնը՝  2003թ, այնուհետեւ՝  2008թ նախագահական ընտրություններն էին, մասնավորապես՝ դրանք բացասական գնահատականի են արժանացել՝ կապված ձայների հաշվարկի հետ: Ըստ նրա, դրանք նաեւ լրատվամիջոցների կողմից ամենավատ լուսաբանվածն էին:

Վարդանյանի խոսքով՝  հիմնականում իշխանությունները, երբեմն նաեւ՝ ընդդիմությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների առանձին հատվածներ, կոնտեքստից կտրելով, օգտագործում են իրենց քաղաքական նպատակերի համար:

«Հասարակությունը չունի ադեկվատ ընկալում, թե ընտրություններին դիտարկող կազմակերպություններն ինչ դերակատարում ունեն եւ հաճախ զեկույցները ճիշտ չեն մեկնաբանվում: Առանձին դիտորդների տեսակետները ներկայացվում են որպես կազմակերպությունների գնահատականներ»,- նշեց Էդգար Վարդանյանը: