Ֆեյսբուքը տեղ չէ, այլ միջավայր, որտեղ անում ես այն, ինչ սովորական աշխատանքային կյանքում: Այդ մասին այսօր` մայիսի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որին լրագրողները հարցրին, թե արդյոք «ֆեյսբուք» սոցիալական ցանցում աննախադեպ ակտիվությունը բացասաբար չի՞ անդրադառնում աշխատանքային գործունեության վրա: Ա. Աշոտյանն ասաց, որ այդ հարցը պարզաբանում է հատուկ այն մարդկանց համար, որոնք «8-րդ անգամից են հասկանում»:
Նրա խոսքով` ֆեյսբուքի միջոցով ինքը տեղեկատվություն է փոխանակում, քաղաքացիների հետ կապ է պահպանում, լրացուցիչ հաշվետվողականությամբ է հանդես գալիս: Այսինքն` ֆեյսբուքը դիտարկում է որպես լրացուցիչ աշխատանքային գործիք:
«Իսկ ոչ աշխատանքային ժամին դա իմ անձնական կյանքի տիրույթն է, չեմ կարծում որ որեւէ մեկին իրավունք է վերապահված սեփական դեմագոգիան փաթաթել այլ անձանց ազատությունների եւ իրավունքների վրա»,- ասաց Ա. Աշոտյանը:




























