Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն, այսօր` մայիսի 24-ին, ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ֆինանսների փոխնախարար Անդրեյ Պարաֆինովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է ՊԵԿ-ի կառուցվածքը, վերջին 3 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումները, ընդգծել կոմիտեի առաջնահերթությունները, կարեւորել միջազգային համագործակցության ամրապնդումը: Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ բիզնես միջավայրի բարելավման, հարկային մարմին-հարկատու շփումը նվազեցնելու ուղղությամբ մի շարք բարեփոխումներ են իրականացվել եւ մի մասն էլ ընթացքի մեջ է:

«Կարեւորելով միջազգային կապերը բարեփոխումներում ներդրել ենք նաեւ մի շարք երկրների առաջավոր փորձը: Մեր հիմնական նպատակն է ունենալ այնպիսի կառավարելի համակարգ եւ ամբողջ գործընթացն այնպես կազմակերպել, որ քիչ շփումների միջոցով բիզնես միջավայրն ավելի հանգիստ աշխատի հարկային եւ մաքսային մարմինների հետ: Այդ առումով մեծ դերակատարում ունի հարկային եւ մաքսային մարմիններում արդեն իսկ գործարկված էլեկտրոնային կառավարման համակարգը»,-ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:

Լեհաստանի պատվիրակության ղեկավար Անդրեյ Պարաֆինովիչը նկատել է, որ երկու կառույցները շատ ընդհանրություններ ունեն. «Հայաստանում եւ Լեհաստանում հարկային տեսչությունները գործում են նույն մեխանիզմով` հարկատուին մատուցելով ծառայություններ: Նաեւ նմանատիպ նախադրյալներ եւ նույնաննման տեսակետեր ունենք համակարգի հետագա զարգացման վերաբերյալ»:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ փորձագետների մակարդակով քննարկել համագործակցության հետագա քայլերը: Կոմիտեի ղեկավարությանը հետաքրքել է Լեհաստանի հայտարագրման նոր մոդելը, իսկ լեհ գործընկերներին հետաքրքել է մեր հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկումը: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի եւ Լեհաստանի գործընկեր կառույցների միջեւ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել: Ի դեպ, մեր երկրի կինոլոգիական կենտրոնի ստեղծման գործում մեծ ներդրում ունի հենց Լեհաստանը: