Էջմիածնի բնակիչ 30-ամյա Գեւորգ Մկրտչյանի դեմ ԱԱԾ արդեն նախկին մայոր Արայիկ Անտոնյանը փորձել է բռնաբարության կեղծ հոդված սարքել, սակայն իրավական հարթության մեջ խնդիրը քննելիս քրեական գործը հարուցվել է հենց նրա դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գեւորգ Մկրտչյանը:

Անդրադառնալով նախապատմությանն, նա ասաց, որ 2011թ-ին գեներալ Սեդրակ Սարոյանի բարեկամը` Աբել Հովսեփյանը Երեւան-Էջմիածնին ավտոճանապարհի Զվարթնոցի հատվածում իրեն միջին ծանրության մարմնական վնասվածք է պատճառել: «Մի փոքր ուշացումով ճանապարհ տվեցի աչքս արյունլվա արեց: Սակայն դատաքննությունից հետ 3500 դոլար տվեցին, որպես բուժման ծախսերի հատուցում»,- նշեց Գեւորգը եւ հավելեց, որ որոշ ժամանակ անց վրեժխնդիր լինելու նպատակով փորձում են բռնաբարության կեղծ գործ սարքել ԱԱԾ մայոր Արայիկ Անտոնյանի օգնությամբ: Վերջինիս ցուցումով, 19-ամյա մարմնավաճառուհի Մելանյան զանգահարում է Գեւորգին եւ ժամադրում Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ: Այնուհետեւ Գեւորգի մեքենայով գնում են Բանգլադեշում գտնվող «Աղավնի» հյուրանոց, համար պատվիրում, սակայն 15 րոպե անց Մելանյան խանութից ինչ-որ բան գնելու պատճառաբանությամբ, առանց Գեւորգի իմացության նրա մեքենայի բանալին վերցնում է ու գնում:

Այդ ընթացքում հասցնում է իրեն ճանկռոտել, գնում է Մալաթիայի ոստիկանություն ու ասում, թե իրեն բռնաբարել են, սակայն այնտեղ բողոքը չեն ընդունում, քանի որ Մելանյան հրաժարվում է դատաբժշկական փորձաքննությունից:

Այդուհանդերձ, Անտոնյանի հորդորով նա դիմում է Մալաթիա-Սեբաստիա շրջանի դատախազություն: Իրավական հարթությունում գործն այլ շրջադարձ է ունենում եւ քրեական գործը հարուցվում է հենց Անտոնյանի դեմ` քրեական օրենսգրքի 308 (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) եւ 333 (սուտ մատնություն) հոդվածների հատկանիշներով:

«Նա պետք է դատապարտվեր 6 տարի ազատազրկման, բայց արագացված դատական կարգով 6 տարին դարձնում են 2 տարի եւ համաներումով բաց են թողնում: Արայիկ Անտոնյանին էլ այդ պատվերը տվել էր Արմեն Հովսեփյանը` Սեդրակ Սարոյանի սանիկը եւ թիկնազորի պետը: Ինչ որ հիմա ասում եմ, գրավոր ունեմ, դեռ մի բան էլ ավելի»,-ասաց Գեւորգ Մկրտչյանը, ում միակ ցանկությունն է, որ այս երկրում արդարություն լինի: «Եթե նրանց շինծու մեղադրանքը հաստատվեր 12 տարով գնալու էի նստեի: Հետեւաբար` ցանկանում եմ, որ համաներումը հանվի եւ կիրառվի պատիժ: Բացի այդ գործը թերի է քննվել, թող ամբողջական քննվի եւ բոլոր մեղավորները պատժվեն: Իսկ ինձ բարոյական վնասի դիմաց 2.5 միլիոն փոխհատուցեն»,-ասաց նա:

Նշենք, որ Աբել Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց վթարի փաստը, սակայն բացառեց իրեն վերագրվող մյուս մեղադրանքները, հավաստիացնելով, որ այդկերպ Գեւորգ Մկրտչյանը ցանկանում է իրենցից շարունակաբար գումար կորզել: