ՎիվաՍել-ՄՏՍ-ը Գորիսի պետական համալսարանի գրեթե ողջ տարածքն ապահովել է անվճար Wi-Fi ինտերնետ կապով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, ընկերությունը Գորիսի պետական համալսարանին է տրամադրել նաեւ «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ եւ ինտերնետ հասանելիությամբ է ապահովել 10 համակարգչով հագեցած լսարան,  դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող` ուսանողների հետ հաղորդակցություն ապահովող ինտերակտիվ 2 գրատախտակ՝ լուսարձակներով, լազերային 2 տպիչ։ 

«Մենք կարեւոր ենք համարում երիտասարդների ներուժը բացահայտելու եւ կրթվելու նրանց իրավունքը խրախուսելու արդար մոտեցումը: Մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը չպետք է էական խոչընդոտ հանդիսանա գոյություն ունեցող ժամանակակից լուծումներից օգտվելու համար: Գիտելիքների զինանոցից արդյունավետ օգտվելու հարցում կարեւոր դեր ունեն տեխնիկական միջոցները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այստեղ գտնվելն ապացուցում է կարեւոր այդ նպատակներին հասնելու մեր վճռականությունը»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը դրսեւորվել է նաեւ ուսանողների համար կազմակերպված մասնագիտական պրակտիկայի`տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման տեսքով: Իրականացվել է նաեւ կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով 18 ուսանողի ուսման վարձավճարի փոխանցման ծրագիրը: