Հայաստանի վարչական դատարանը մայիսի 25-ին որոշել է, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նկատմամբ կիրառած պատասխանատվության միջոցը արդարացի է եւ հիմնավոր: Այդ մասին այսօր` մայիսի 26-ին Աղվերանում մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերին ձվի շուկայում առաջացավ դեֆիցիտ, ինչի հետեւանքով շուկաներում ձուն վաճառվում էր մի քանի անգամ ավելի թանկ` ընդհուպ մինչեւ 150 դրամով:

ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթի արդյունքում եզրակացվեց, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան, ունենալով գերիշխող դիրք, դրսեւորել է հակամրցակցային վարքագիծ` ստեղծելով արհեստական դեֆիցիտ ու օգտվել ձվի գնի աճից: ՏՄՊՊՀ-ն Լուսակերտի թռչնաֆաբրիկային տուգանեց 100 մլն դրամով, սակայն այդ որոշումը բողոքարկվեց դատարանում;

Ըստ Ա. Շաբոյանի` դատական գործընթացը 2 տարի ձգձգվեց, քանի որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան անհարկի միջնորդություններ էր ներկայացնում: Ա. Շաբոյանը հայտարարեց, որ եթե այսուհետ տնտեսվարողները փորձեն արհեստականորեն ձգձգել դատական գործընթացները, ապա կդիմեն ավելի խիստ միջոցների, ընդհուպ մինչեւ հաշիվների վրա կալանքը: