Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձանաժողովն ամեն շաբաթ շրջում է քաղաքի որեւէ թաղամասում, ծանոթանում դրանց խնդիրներին, լսում բնակիչների բողոքները: Սա վանաձորցիների մոտ ոգեւորություն է առաջացրել, քանի որ ոչ միշտ է, որ նպատակային որեւէ պաշտոնյա այցելում է այս կամ այն թաղամաս` հատկապես, երբ ընտրություններն արդեն ավարտված են:
Մայիսի 19-ին քաղաքապետաանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հանձնաժողովը շրջել էր Բազում եւ Ուսանողական թաղամասերում, ուսումնասիրել փողոցների վիճակը, լսել բնակիչների հուզող խնդիրները` հետագայում, կառավարության կողմից հատկացված նպատակային ֆինանսավորման միջոցով դրանք լուծելու նպատակով:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանն ասաց, որ հանձանաժոովը միշտ էլ եղել է: «Քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքում խնդիրներն են նայում ու լուծում տալիս»,-ասաց նա, հավելելով, որ այս պահին կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետը Բազում թաղամասում է` նույն խնդիրներով:
Այն հարցին, թե ովքեր են հանձնաժողովի անդամները, նա պատասխանեց, որ հանձնաժողովը մեծ կազմ ունի, նայած թե որ թաղամասն ինչ խնդրով են գնում. «Քաղաքապետն էլ, տեղակալը եւ բաժինների պետերը», այն ճշտմանը, թե արդյոք քաղաքապետ Սամվել Դարբինյանն անձամբ է այցելում թաղամասեր, խորհուրդ տվեց հետեւել լրատվությանը` «Հետեւեք, կտեսնեք, շրջում է, թե ոչ» եզրափակեց նա:
Վանաձորցիները սակայն այս ամենի այլ կերպ են դիտում` սա կապելով աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրությունների հետ:




























