Երեւանում, այսօր` մայիսի 26-ին, տեղի է ունեցել «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ, ովքեր մարտի 2-ից ապրիլի 29-ը շաբաթական չորս օր մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։ Դասընթացավարները հեղինակավոր գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ էին։
Դասընթացի նպատակը երիտասարդների շրջանում քաղաքական գիտելիքների մակարդակը բարձրացնելն է։
«Կիրառական քաղաքագիտություն» խորագրով սեմինարների ընթացքում խորությամբ ուսումնասիրվել են բազմաթիվ թեմաներ։ Այսօր բավականաչափ հեշտացել է տարբեր երկրներում տարաբնույթ թեմաներով սեմինարների մասնակցելը, որոնց ընթացքում հաճախ արցախյան հարցի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող քննարկումներ են տեղի ունենում։ Մեր երիտասարդները պետք է տեղեկացված լինեն ընթացող զարգացումներից և հստակ իմանան Հայաստանի դիրքորոշումը նման հարցերում»,- նշել է հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ մենք տարբեր ոլորտներում ներկայանալիության խնդիր չունենք. կան փայլուն երիտասարդներ, ովքեր ըստ արժանվույն կարողանում են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ամենահեղինակավոր ամբիոններից։
«Կիրառական քաղաքագիտություն» խորագրով սեմինարի դասընթացավար, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդգծել է, որ այսօր բավականին շատ են ինֆորմացիոն հոսքերը, որտեղ ճշմարիտ կամ ճշմարտանման տեղեկությունը և հակահայկական քարոզչությունը հաճախ առանց հասկանալու, երբեմն նաև միտումնավոր խառնվում են իրար։ Նման դասընթացներում ստացած գիտելիքները, ըստ Էդգար Հովհաննիսյանի, երիտասարդները կկիրառեն նաև սոցիալական ցանցերում և համացանցային տիրույթում։




























