Նախապատրաստվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստանալու է տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անելու իրավունք: Այդ մասին հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ելույթ ունենալով այս օրերին Աղվերանում ընթացող մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում; Ըստ Ա. Շաբոյանի` առաջարկվում է ՏՄՊՊՀ-ին լիազորել հանկարծահաս ստուգումներ անելու իրավունքով` տեղեկատվության առգրավման հնարավորությամբ (էլեկտրոնային կամ փաստաղթային տեղեկատվություն, պահեստների ստուգումներ, եւ այլն):
Սեմինարին մասնակցող Լիտվայի հակամրցակցային մարմնի ղեկավար Շարունաս Պայարսկասը նշեց, որ ՏՄՊՊՀ-ին նման լիազորություններ ընձեռելը շատ կարեւոր է, քանի որ հակամրցակցային համաձայնություններ բացահայտելը եւ ապացուցելը շատ բարդ է: Ավելին` Արեւմտյան որոշ երկրներում հակամրցակցային մարմիններին նույնիսկ օժտում են գաղտնալսումներ անելու իրավունքով, սակայն Ա. Շաբոյանը նշեց, որ առայժմ Հայաստանում նման հարց չի քննարկվում:
Նշենք, որ 2010 թ. ՀՀ Ազգային Ժողովին ներկայացված մրցակցության մասին օրենքի նորացված նախագծում միջազգային կառույցների առաջարկությամբ նախատեսվել էր դրույթ, որով ՏՄՊՊՀ-ն ստուգումներ անելու իրավունք էր ստանալու: Սակայն պատգամավորների առարկության պատճառով այդ դրույթը հանվեց: Պատգամավորների մտահոգությունն այն էր, որ առանց այն էլ ստուգումներ անելու իրավունք ունեցող մարմինների թիվը մեծ է, ու եւս մեկ պետական մարմնին նման լիազորություն տալը ճիշտ չէ: Սակայն, ըստ միջազգային փորձագետների, ՏՄՊՊՀ-ն իր լիազորություններն իրականացնելու համար պետք է լիարժեք գործիքակազմ ունենա:




























