Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել Կեչառիս վանական համալիրի հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել եւ գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին եւ ուրիշներ։ Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է  Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արեւմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջեւ ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը եւ կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգեւոր եւ բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:

Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը եւ պատկան մարմիններից ակնկալում ենք հետեւողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման եւ իրագործման հարցում:

Դիմում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին, մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին եւ Ծաղկաձորի քաղաքապետին»: