Հայաստանի ԿԳՆ գնահատման եւ թեսթավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննության դիտորդական գործունեության ընդհանուր դրույթները` դիտորդի իրավունքներն ու պարտականությունները:
Ըստ այդմ, անհրաժեշտ է քննական ողջ գործընթացի հետ կապված հարցերը համակարգել ԳԹԿ համապատասխան ստորաբաժնման հետ:
«Դիտորդն իրավունք ունի
ա) ծանոթանալ քննության անցկացման կանոնակարգերին, ընթացակարգերին, կազմակերպիչների աշխատակարգերին և իրավական այլ փաստաթղթերին,
բ) քննության օրը ներկա գտնվել
1. քննություն հանձնող շրջանավարտների քննասենյակներում տեղաբաշխմանը, ծրարների բացմանը,
2. քննություն հանձնողներին ցուցումներ տալուն,
3. քննական նյութերի քննական կենտրոն հանձնմանը,
4. քննության ավարտից հետո քննական նյութերի ծրարմանը,
5. քննական նյութերի ԳԹԿ հանձնմանը,
Դիտորդը պարտավոր է
ա) քննական կենտրոն ներկայանալիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ
բ) պահպանել քննության տեղեկատվական գաղտնիությունը:
գ) Քննական թեստերը բացվելուց անմիջապես հետո դուրս գալ քննասենյակից:
Դիտորդն իրավունք չունի
ա) քննության ընթացքում մտնել քննասենյակ,
բ) միջամտել քննության նախապատրաստման և անցկացման գործընթացին,
գ) քննասենյակում օգտվել բջջային հեռախոսից և կապի այլ միջոցներից,
դ) աջակցել շրջանավարտներին կամ շեղել նրանց ուշադրությունը, հարցեր տալ, դիտողություններ անել,
ե) նկարել կամ նկարահանել քննական թեստերը,
զ) օգտագործել իր կարգավիճակը քննության ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար:
Նշված պահանջները չկատարելու դեպքում դիտորդը հեռացվում է քննական կենտրոնից»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական եւ միասնական քննությունները, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձեւավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1260 դիմորդ:
Յուրաքանչյուր քննակենտրոնի յուրաքանչյուր քննասենյակում տեղադրված կլինեն տեսախցիկներ, որոնք քննասենյակներից մոնիտորներին կփոխանցեն այն պատկերը, որը տիրում է քննասենյակներում, եւ որոնց միջոցով ծնողները, դիտորդները եւ ցանկացած ոք կկարողանան հետեւել քննության ողջ ընթացքին:



























