Հունիսի 8-ին կմեկնարկի «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր թեմերի հոգեւոր սպասավորներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որեւէ թեմում:

Հունիսի 8-ին Արարատյան հայրապետական, Կոտայքի եւ Արագածոտնի թեմերի եկեղեցականներ, ինչպես նաեւ այս օրերին Մայր աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով տարբեր երկրներից ժամանած միաբաններ` ընդհանուր թվով շուրջ 130 հոգի կմեկնեն Արմավիրի թեմ:

Առավոտյան ծրագրի մասնակից եկեղեցականները կհավաքվեն Մրգաշատ գյուղում, ապա միասնական աղոթքից հետո խմբերով կմեկնեն թեմի տարբեր բնակավայրեր, կլինեն եկեղեցիներում ու մշակույթի տներում,  ուսումնական-կրթական հաստատություններում եւ հիվանդանոցներում: Եկեղեցականները հանդիպումներ կունենան բնակիչների հետ, մասնավորապես կայցելեն ազատամարտիկների, կարիքավորների եւ հաշմանդամների ընտանիքներ, կկատարեն տնօրհնեքներ եւ այլ արարողություններ:

«Մայր Աթոռի «Մեկ օր մեկ թեմում» ծրագիրը կարեւոր քարոզչական ձեռնարկ է, որը շատ շահեկան կլինի ժողովրդի համար, հատկապես այն բնակավայրերի բնակիչների համար, որոնք հաճախ առիթ չեն ունենում հանդիպելու եկեղեցականների հետ: Ծրագրի շարունակական բնույթը,  վստահ եմ, մեծ ոգեւորություն կառաջացնի եւ կտա իր բարի պտուղները», - նշել է Վահրամ քահանան: