Երեւանի բնակիչ Գրիգոր Ղազարյանի գազի հաշվիչը 2012թ-ի մարտին  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցները փոխարինել են նորով, որից հետո քաղաքացուց պահանջել են վճարել հավելյալ գումարներ` պատճառաբանելով, որ հին հաշվիչը գտնվել է անսարք վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Ղազարյանը:

Վերջինս նրանց անօրինական պահանջը կատարելու փոխարեն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:  Գործն ուսումնասիրելով, պաշտպանը դիմել է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին:

Պաշտպանի գրությանն ի պատասխան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ հանձնաժողովի հանձնարարությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն քննարկել եւ դրական լուծում է տվել քաղաքացու  դիմումում բարձրացված հարցին` անվճար տրամադրելով  քաղաքացուն իր հասանելիք գազի հաշվիչը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիգոր Ղազարյանը նշեց, որ իր օրինակով քաղաքացիները կարող են պայքարել անօրինական պահանջների դեմ: