Երեւանի զարգացման ծրագրով մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ եւ փողոց, 14 այգի:  Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում, հերթական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է նաեւ, որ շարունակվում են ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են մայրաքաղաքի շենքերի ճակատային հավածների մաքրման աշխատանքներ:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արհեստագործական ուսումնարանի սաների մասնակցությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել եւ արձանագրվել կանգառագոտիներից դուրս կայանման, մեքենաների սանիտարական պատճաշ տեսքի ապահովման խախտման եւ վարորդների ծխելու դեպքերը: Նշվել է, որ մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ:

Լայն թափով շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են մայրաքաղաք մուտքերին հարող տարածքների եւ բակային հատվածների բարեկարգման, կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցված, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցել զբոոսայգիների տարածքներում վարձակալական հիմունքներով տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատների հետ այդ տարածքների լուսավորության ապահովման ուղղությամբ:

Մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների գույքագրման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել է 33 շատրվան: Վերագործարկման ենթակա շատրվանների վերաբերյալ ներկայացվել է նախագիծ` անհրաժեշտ ֆինանսական գնահատականով:

Անդրադառնալով բակային տարածքներում եւ այգիներում մանկական խաղերի տեղադրման աշխատնքների ընթացքին՝ զեկուցվել է, որ համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից հետո արդեն տեղադրվել է 100 մարզական խաղ:

«Առջեւում ամառ է եւ երեխաների մեծ մասն իրենց հանգիստը նախաընտրում են անցկացնել բակերում: Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարտել դրանք ու հանձնել մեր փոքրիկ երեւանցիներին»,-նշել է Տարոն Մարգարյանը: