Պետեկամուտների կոմիտեում հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերը` լիովին թարմացված տարբերակով, ինչը միտված է ՊԵԿ-գործարար շփումը նվազեցնելուն եւ գործարարի հարմարավետությանը: Կոմիտեում այսօր տեղի է ունեցել www.taxservice.am եւ www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարեւորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության եւ բիզնես միջավայրի միջեւ:

Ամբողջովին թարմացված եւ հարստացված տեղեկատվություն, հարմարավետ եւ մատչելի ինտերֆեյս, ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական եւ դիզայներական լուծումներ, ցանկացած բնույթի տեղեկատվության արագ հասանելիություն. նոր կայքերը հենց այսպես են այսուհետ ներկայանում այցելուներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ներդրվել են նաեւ մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի:

Գլխավոր էջի աջ հատվածում, ընտրելով օգտվողի խումբը` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, հարկային ծառայող, կարելի է ստանալ համապատասխան դասակարգված տեղեկատվություն: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից  է հարկային օրացույցի եւ նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել եւ պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման եւ հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ: Միքայել Փաշայանի խոսքով, «Հարկային օրենսդրություն» բաժնում հնարավոր է նաեւ տեսնել դեռեւս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախագծերը: Ներկայացված են նաեւ հարկային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական եւ օրենսդրական ակտերը: Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի: