ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտյուշա Շահբազյանին փոխանցել են ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումը, որով առաջարկվել է ինքնաբացարկ ներկայացնել եւ ինքը գնացել է այդ քայլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել:
Հարցին, թե ո՞րն է եղել նման որոշման պատճառը, Շահբազյանը պատասխանեց. «Պատճառը շատ պարզ է, նոր թիմ է գնում, անհրաժեշտ է ուրիշ թիմ գնա: Եվ չեմ կարծում, որ իմ այդ քայլը երկրի համար այդքան կարեւոր հարց է»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե առաջիկայում որտեղ տեսնենք իրեն, ինչին նա կատակով արձագանքեց. «Գնում եմ ցուցահանդես, քաղաքում զբոսնում եմ, տանն եմ լինում»:
Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, նա ասաց, որ մտածում է, բայց դեռ պետք է աշխատի մինչեւ երեխաները մեծանան: Իսկ հարցին, թե մնալո՞ւ է կուսակցությունում, դաշնակցության անդամն ասաց. «Այո, իհարկե: Այդպիսի խնդիր չկա»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 26-ին, ինքնաբացարկի երկու դիմում է ստացել Հայ հեղափոխական դաշնակցությունից: ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Արտյուշա Շահբազյանը (3-րդ հորիզոնական) եւ Կարինե Հարությունյանը (6-րդ հորիզոնական):
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 5 մանդատ:




























