Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը եռօրյա այցով մեկնել է Արեւմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաք Կալկաթա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ հնդկահայոց համայնքի ներկայացուցիչների եւ Արեւմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դեվանանդ Կոնվարի ու գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ մայր եկեղեցու խորհրդի ատենապետ Մայքլ Դաթի, խորհրդի ավագ անդամ Սունիլ Սոբթիի, Հնդկահայոց հոգեւոր հովիվ ու Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի եւ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:
Երեկոյան տեղի է ունեցել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վերանորոգված դահլիճի հանդիսավոր վերաբացումը եւ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված հանդիսությունը: Հավաքվածներին իրենց ողջույնի խոսքն են հղել Հնդկահայոց հոգեւոր հովիվը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպանը:
Հոբելյանական գրական-երաժշտական ծրագրի շրջանակներում Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես են եկել ճեմարանի սաները:



























