Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ստեղծվելիք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները պետք է ազատորեն դուրս գան Հայաստանից; Այդ մասին այսօր` մայիսի 30-ին Երեւանում հայտարարեց ԱՄՆ-ից ժամանած արժեթղթերի շուկայի ավագ փորձագետ Ռոբերտ Սթրահոտան, ելույթ ունենալով «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը եւ կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը»,- կլոր սեղան-քննարկման ժամանակ: Փորձագետի խոսքով` Հայաստանի տնտեսությունը չի կարող «մարսել» կենսաթոշակային ֆոնդերի միջոցով տարեկան հավաքագրվող 100-150 մլն դոլարը, կամ լավագույն դեպքում դա կարող է անել 1-2 տարվա ընթացքում: Իսկ այնուհետեւ ի հայտ կգա այդ միջոցները տեղաբաշխելու լուրջ խնդիր: Դրանից խուսափելու համար արտասահմանցի փորձագետն առաջարկում է չսահմանափակել կենսաթոշակային ֆոնդերի գումարների հոսքին դեպի արտասահմանյան շուկաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության կենսաթոշակային բարեփոխումների աջակցման խմբի ղեկավար Կարեն Թամազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհակառակը` պայքարում են, որպեսզի օտարերկրյա ներդրումներ գան Հայաստան: «Փաստն այն է, որ միջազգային փորձագետներն ասում են, թե պետք չէ հայկական համակարգերի կողմից ստեղծված ռեսուրսներին արգելել արտասահմանում ներդնել: Սա երկկողմանի հաշվարկների առարկա է, պետք է հաշվել, թե որքանով մեր տնտեսությունը կարող է կլանել այդ միջոցները: Շատ վատ կլինի, եթե տնտեսությունում փող ստեղծվի, բայց տնտեսությունը չկարողանա դրանք մարսել, այդ դեպքում կստեղծվեն փուչիկներ, որոնք այնուհետեւ կպայթեն»,- ասաց Կ. Թամազյանը: Նրա կարծիքով` որոշ գումարներ պետք է այնուամենայնիվ ներդրվեն արտասահմանում, որպեսզի օտարեկրյա ներդրողների մոտ վստահություն առաջանա, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները դիվերսիֆիկացվեն: