Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է ճանաչողական այցով Երեւանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի եւ ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Երեւանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ քաղաքապետի խորհրդականը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երեւանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները։
Որպես զբոսաշրջության ոլորտի կարեւորում ՝ քաղաքապետի խորհրդականն առանձնացրել է քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը, որն զբաղվում է ինչպես ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, այլեւ Երեւանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ ու ծրագրերի իրագործումով։ Հյուրերի ներկայացվել է նաեւ իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երեւան-սիթի տուր» ծրագիրը։
Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությամբ կողմերը, գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, առաջիկայում ճանաչողական ու գործնական փոխայցելություններ կիրականացնեն։




























