Հայաստանի գյուղնախարարության եւ պտուղբանջարեղենի վերամշակմամբ եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների  միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Հուշագիրը, որը կնքվում է 5 տարի ժամկետով, կողմերի համաձայնության դեպքում, կերկարաձգվի եւս 5 տարով:

Անդրադառնալով ընթացիկ տարվա զարգացումներին` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ըստ կանխատեսումների, տարին հաջողվածներից է լինելու, առանձին մշակաբույսերից սպասվող բերքը զգալիորեն գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշները. ուստի վերամշակողներին նույնպես լարված տարեշրջան է սպասվում, մանավանդ, որ մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմումը շարունակում է  մնալ հանրապետության  ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Գյուղացու մշակած ամբողջ բերքը պետք է ընդունվի վերամշակման, ուստի այսօր արդեն պետք է ըստ ամենայնի նախապատրաստել գործընթացը», -ասել է նա:

Ստորագրելով հուշագիրը` հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որ այն, իրոք, կնպաստի պետություն–մասնավոր հատված համագործակցության խորացմանը: Ներկայացվել են նաեւ այն մտահոգություններն ու դիտարկումները, որոնց լուծման մեջ նախարարությունը կարող է ունենալ իր ծանրակշիռ դերակատարումը:

Արձագանքելով դրանց` նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս սեղմ ժամկետներում եւ արդյունավետորեն մոտենալ խնդիրների բարձրացմանն ու լուծմանը: Իսկ վերջինիս համար Սերգո Կարապետյանը կարեւորել է հուշագրի շրջանակներում համապատասխան միավորումներ ստեղծելու աշխատանքները: Որոշվել է առաջիկա հանդիպումներից մեկը նվիրել պահածոյագործությանն օժանդակող ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ծանոթանալ եւ ըստ ամենայնի ընթացք տալ նաեւ վերջիններիս խնդիրներին: