Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Մարտիկ Մելքոնյանն ունի 11 անչափահաս երեխա եւ գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում: Այդ նպատակով հանդիպում է կազմակերպվել ՀՀ Արարատի մարզպետի մոտ, որից հետո հանձնարարվել է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնին կազմակերպելու իր բնակարանի շինարարությունը:
Կազմակերպությունը 3.100.000 ՀՀ դրամի ներդրում է կատարել: Նշվել է նաեւ, որ, ըստ պայմանավորվածության, Արարատի մարզպետարանը պետք է համաֆինանսավորեր նշված ընդհանուր գումարի 10 %-ը, բայց մարզպետարանի «առատաձեռնությունը» սահմանափակվել է 50 հազար դրամով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարտիկ Մելքոնյանը:
Իսկ պատճառաբանությունը, նրա փոխանցմամբ, այն է եղել, որ ֆինանսական միջոցներ չկան, փոխարենն իրեն խորհուրդ է տրվել անձամբ այդ գումարն ինչ-որ կերպ վճարել` հետո հետ ստանալու ակնկալիքով, ինչն էլ մինչ օրս մարզպետարանի կողմից չի փոխհատուցվել:
Մ. Մելքոնյանը հայտնվելով անելանելի վիճակում, դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ով գործն ուսումնասիրելով, որոշել է միջամտել եւ գրություններ է ուղարկել Արարատի մարզպետին` խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոգրյալի մասին:
Պաշտպանի գրությանն ի պատասխան` Արարատի մարզպետը հայտնել է, որ մարզպետարանի միջնորդությամբ «Ֆուլեր» տնաշինական կազմակերպության կողմից քաղաքացի Մարտիկ Մելքոնյանի բնակարանի շինարարության համար կատարված 3.100.000 ՀՀ դրամ ներդրման համաֆինանսավորման վերաբերյալ մարզպետարանի եւ քաղաքացու միջեւ պայմանավորվածություն չի եղել, սակայն մարզպետարանի եւ գյուղապետարանի կողմից նրան ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն համապատասխանաբար 50 հազարական դրամի չափով:
Այնուհետեւ, Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել «Ֆուլեր» տնաշինական կազմակերպության տնօրենի հետ` փորձելով վերջինիցս ճշտել արդյոք եղե՞լ է պայմանավորվածություն, որ վերոնշյալ գումարի 10 տոկոսը պետք է վճարի մարզպետարանը: Վերջինիս կողմից բացատրվել է, որ գոյություն ունի նման պրակտիկա, այն է` 10 %-ի աջակցությունը նման դեպքերում մշտապես կատարվել է համայնքի կողմից, իսկ թե ինչով է պայմանավորված տվյալ ընտանիքի համար համայնքի կողմից նախատեսված աջակցություն չցուցաբերելը, դժվարացել է հայտնել:
Գործը շարունակում է մնալ ՄԻՊ ուշադրության կենտրոնում:




























