ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ- NECO) նախագահ Նասեր Կազեմին այսօր` մայիսի 30-ին, հյուրընկալվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նասեր Կազեմին Հայաստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը Նասեր Կազեմիին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում եւ համալսարանի բարձրագույն պարգեւը` հայ մեծ լուսավորիչ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալը, որը հանդիսանում է ՀՀ գերատեսչական հնագույն պարգեւը:
Ռեկտորը խոսել է ամերիկյան երազ արտահայտության մասին նշելով. «Այս հասկացությունը մեկնաբանում ենք տարբեր ձեւերով, բայց այսօր այստեղ է այն անձնավորությունը, ում համար այդ հասկացությունը խորհրդանշական բնույթ չի կրում: Ձեր կյանքն ու գործունեությունը վկայությունն է այն ամենի, թե ինչպես կարելի է կյանքում` շնորհիվ տաղանդի եւ մեծագույն աշխատասիրության, հասնել բացառիկ հաջողությունների»:
Ռեկտորը հակիրճ խոսել է նաեւ Կազեմիի գործարար աշխարհում ունեցած հաջողությունների մասին, նշելով, որ նրա շնորհիվ 200 հազար մարդ ստացել է աշխատանք եւ գտել իր տեղը կյանքում:
Այնուհետեւ Նասեր Կազեմին շնորհակալություն է հայտնել ռեկտորին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է ընդունել նման պարգեւը: «Մենք հիրավի տաղանդավոր հայեր ունենք Միացյալ նահանգներում: Հայեր, որոնք նպաստել են, որ ԱՄՆ-ի զարգացման բնույթը փոխվի: Նրանց հետ հանդիպելուց միշտ մեծ հաճույք եմ ստացել: Դուք իսկապես շատ տաղանդավոր, մեծ շնորհքի տեր ժողովուրդ եք: Ինձ համար այսօր հաճելի եւ օգտակար է հանդիպել ձեզ հետ»,- ասել է Նասեր Կազեմին:
Կարեւորելով կրթության դերը` նա ընդգծել է. «Կրթության կարող է մրցունակություն բերել աշխատաշուկայում, իսկ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կրթություն: Այն կարեւոր է ցանկացած ոլորտում եւ Հայաստանն այն երկրներից է, որ վերջին տարիներին կարողացել է լայնամասշտաբ գործունեություն իրականացրել` իր տեղը բարձրացնելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում: Այժմ դուք հիմքեր եք դնում ապագա Հայաստանի համար: Ձեր աշխատանքը մեծ նպատ կբերի ձեր, ձեր երեխաների եւ հետագա սերունդների համար»,- ընդգծել է Նասեր Կազեմին:
Վերջում նա նշել է, որ ինքն իրականացրել է ամերիկյան երազանքը, եւ համոզված է, որ հայերը նույնպես կարող են իրականացնել իրենց՝ հայկական երազանքը, բայց այն իրականացնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչի կարիք ունի իրենց հայրենիքն ու համայնքը:



























