Հանրապետությունում խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում գործող ընկերությունները ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին եւ շահագրգիռ այլ մարմինների ղեկավարներին այսօր ներկայացրել են 2011 թ. տարեկան հաշվետությունները:
«Երեւան Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն` մասնավորապես կրկնապատկվել են վերականգնման եւ պահպանման աշխատանքների համար նախատեսված միջոցները` 600 մլն դրամից հասնելով 1,2 մլրդ դրամի, այն դեպքում, երբ այդ ընթացքում սակագինը ընկերության համար նվազել է 21 դրամով: Փոխվարչապետը հորդորել է ընկերության սպասարկման տարածքում ընդգրկված երեք տասնյակից ավելի գյուղական համայնքներին նույնպիսի ուշադրություն դարձնել, ինչպես մայրաքաղաքին:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացնելով ընկերության հաշվետվությունը` մասնավորապես նշել է, որ իրենց սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին ցուցանիշն ավելացել է մեկ ժամով, կրճատվել են էլեկտրաէներգիայի ծախսերը:
Ջրամատակարարման միջին օրական տեւողության բարելավման մասին է նշվում նաեւ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների հաշվետվությունում: Տեղեկացվել է, որ հատկապես շոշափելի աճ է գրանցվել Լոռիի եւ Շիրակի ցուցանիշների առումով, որտեղ ջրամատակարարման տեւողության վերաբերյալ պայմանագրային թիրախները գերազանցվել են:
Փոխվարչապետը ընկերությունների ներկայացուցիչներին հորդորել է պատշաճ կերպով իրականացնել պայմանագրային պարտավորությունները, սերտորեն համագործակցել ՏԻ մարմինների հետ, ինչպես նաեւ բնակչությանը ժամանակին տեղեկացնել առաջացած խնդիրների կամ կատարվող աշխատանքների մասին:




























